ՀովհաննեսԹումանյան. «Ձևն ու հոգին»

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Գրականություն. Bookmark the permalink.

Leave a comment